17/09/2011
Երևանում անշարժ գույքի գները կբարձրանան NEWS.am-ի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Էսկո - Կոնցեռն» ՓԲ Ընկերության նախագահ Սարգիս Աղաբեկյանը:
Առաջիկայում Երևանում անշարժ գույքի գները կաճեն, քանի որ հիմնական տարադրամների արժեզրկման հետ կապված` գործարարների մոտ կապիտալի կուտակման եւ պահպանման խնդիր կա: Իսկ անշարժ գույքը ներդրողների համար հենց այդ գործառույթն է իրականացնում: www.news.am -ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Էսկո-Կոնցեռն» ՓԲԸ նախագահ Սարգիս Աղաբեկյանը:
Նրա խոսքով` վերջին 1.5 տարում անշարժ գույքի շուկան կայունացել է, գների անկում չկա, բայց աճ էլ չկա, գները տատանվում են 4-5 տոկոս մարժայի սահմաններում:
Փոխվել է նաեւ պահանջարկի կառուցվածքը: Սփյուռքահայերի մոտ պակասել է ակտիվությունը, որը սակայն փոխհատուցվում է ՀՀ քաղաքացիների եւ Իրանի քաղաքացիների ձեռքբերումներով: Ս. Աղաբեկյանը հույս հայտնեց, որ սփյուռքահայերը եւս կվերականգնեն իրենց ակտիվությունը:
«Էսկո-Կոնցեռնը» պատրաստվում է առաջիկայում իրականացնել խոշոր ներդրումային նախագծեր: Մասնավորապես` Տիգրան Մեծ պողոտայի վրա կկառուցվի 212 տեղանոց հյուրանոցային եւ առեւտրայի համալիր, ընդհանուր 20 հազ. քմ մակերեսով: Ներդրումների ծավալը մոտ 18 մլն դոլար է: Մյուս նախագծով Ուլնեցի փողոցում կկառուցվի բազմաբնակարան շենքային համալիր, բաղկացած փոքր, սակայն մինչեւ վերջ ավարտին հասցված (կահավորված) բնակարաններից: Ըստ Աղաբեկյանի` ներկայումս սպառողը պահանջարկ է ներկայացնում հենց ավարտուն տեսքի բերված անշարժ գույքի նկատմամբ:
Սեպտեմբեր 16, 2011 | 06:42 www.news.am